Ականջօղերի պատմությունը

Ականջօղերն այսօր ամենահայտնի զարդերից մեկն են, որոնք կանայք, ինչպես նաև որոշ տղամարդիկ մեծ հաճույքով են կրում: Ավելին, ականջօղերի սիրահարները վստահ են, որ դրանք երբեք դուրս չեն գա նորաձևությունից:

Այդ իսկ պատճառով է, թերևս, որ ժամանակի ընթացքում ականջօղերը սկսել են պատրաստել ամենատարբեր նյութերից` թանկարժեք մետաղներից ու քարերից սկսած մինչև փայտն ու կավը:

Ոչ ոք չի վիճի, որ ճիշտ ընտրված ականջօղերը ոչ միայն ընդգծում են էլեգանտությունն ու բնական գեղեցկությունը, այլև խոսում են այն կրողի ճաշակի, նախասիրությունների, գրաված դիրքի ու պաշտոնի մասին: Անվիճելի է նաև այն, որ ականջօղերն ասելիք ունեն:

Չնայած նրան, որ ականջօղերը մեր կենցաղի անբաժան մասն են դարձել, քչերս գիտենք դրանց ծագման ու կիրառման պատմությունը: Փորձենք մի փոքր էքսկուրս կատարել ժամանակի մեջ և համառոտ պատմել այս փոքրիկ հրաշքների` ականջօղերի մասին:

* * *

Սկզբնական շրջանում օղերը համարվել են ոչ թե կանանց, այլ տղամարդկանց զարդեր: Ականջօղեր պատրաստել և կրել են դեռևս 7 հազար տարի առաջ Հին Ասիայում: Հին եգիպտացիների և հին ասիացիների համար ականջօղերը համարվել են բարձր աշխարհի պատկանելիության խորհրդանիշ: Ի հակառակ դրան` Հին Հռոմում ականջօղեր կրել են ստրուկները, իսկ Հին Հունաստանում` հանցագործները:
Միևնույն ժամանակ ականջօղեր կրել են նաև հարուստ հույների և հռոմեացիների կանայք: Վերջիններս նախընտրել են մարգարտե օղեր, ինչը հենց ցույց է տվել նրանց բարձրաշխարհիկ լինելը: Նրանք նաև կրել են տոպազով, նռնաքարով և սաֆիռով զարդարված օղեր:

Հին Արևելքի երկրներում մարդիկ նախընտրել են ոսկուց և արաթից պատրաստված օղեր կրել, որոնք էլ զարդարված են եղել զմրուխտով, ռուբինով ու սաֆիռով: Նշենք նաև, որ ականջօղերը մեծ հռչակ են վայելել նաև Հնդկաստանում և Չինաստանում:

Հին Ադրկովկասում ևս լայնորեն կիրառվել են ականջօղերը: Այստեղ օղեր կախել են նորածին աղջիկների ականջներին` ի նշան երջանկության, և այն հավատալիքով, որ դրանք թալիսմանի նման կպահպանեն երեխային:
Միջին դարերում ականօղեր կրելը ինչպես հռչակ, այնպես էլ հալածանք է վայելել: Այսպես, օրինակ, 13-րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է ականջները ծակել: Եկեղեցու համոզմամբ` ականջներ ծակելը խաթարել է մարդու` «Աստծո պատկերով և նմանությամբ» կերտվածքը: Այս շրջանում օղեր շարունակել են կրել հանցագործները, ծովահեններն ու գնչուները:

Չնայած դրան, ականջօղեր կրելը միշտ էլ որևէ խորհուրդ պարունակել է: Հանցագործներն, օրինակ, ականջօղ կրելով արտահայտել են իրենց ունեցած ատելությունը հասարակության նկատմամբ և ցույց են տվել իրենց պատկանելիությունը հանցագործ աշխարհին: Գնչուներն օղ կախել են այն տղայի ականջին, ով միակ արու զավակն է համարվել ընտանիքում: Ծովահնների ականջօղերն էլ խորհրդանշել են գերված նավերի թիվը:

2 comments:

  1. Շնորհակալ ենք :)) Ականջօղերի մասին դեռ էլի ենք հետաքրքիր բաներ պատմելու :))

    ReplyDelete